Կադրային շրջադարձի նախադրյալները
Երկու գլխավոր պատճառներ հանգեցրին 2016-ի կադրային փոփոխություններին: Մեկը իներցիան էր, որ ի սկզբանե դրված էր վարչակարգի զարգացման տրամաբանության մեջ: Երկրորդը արտաքին շոկի հետևանք էր և կադրային վերադասավորումների կատալիզատորի դեր խաղաց: 2012-ին վերադառնալով Կրեմլ՝ Պուտինը սկսեց «վերականգնումի» գործընթացը, որ իրականում սկսվել էր 2011-ի սեպտեմբերից (մեդվեդևյան ամբողջ ժառանգության վերանայում, ուժային ռևանշ և պահպանողական բարենորոգումներ) և ըստ էության իրենով փոխարինեց պետական կառավարումը: Կառավարության դերը կրճատվեց մինչև իներցիոն, լոկալ, տեխնիկական կիսամիջոցների: 2012-2013-ին կառավարությունը չի ընդունել ոչ մի խոշոր կառավարման որոշում, տնտեսությունն անկում էր ապրում, բոլոր բանավեճերը հանգում էին Պուտինի «մայիսյան հրամանագրերի» կատարման խնդրին (ավելի ճիշտ՝ չկատարման), որ նա ստորագրել էր ընտրություններից անմիջապես հետո՝ իր նախընտրական խոստումների հիման վրա: Միաժամանակ վերադառնում էր կառավարման հին տրամաբանությունը, որ գործում էր 2006-2007-ին՝ պետական կորպորացիաների ստեղծում («Ռոսկոսմոս», Սիբիրի ու Հեռավոր Արևելքի կառավարման կորպորացիա, բնակկորպորացիա) և անձնական կառավարում: Դանդաղ, առանց ցնցումների վարչակարգի ներսում ստեղծվում էին նրա մաշվելու նախադրյալները, որ արտահայտվում էր կոռուպցիայի բարձր մակարդակով, ծայրահեղ ցածր արդյունավետությամբ, կարևոր կառավարման որոշումներ ընդունելու անկարողությամբ (նույնիսկ երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը Պուտինի երրորդ ժամկետի սկզբում այդպես էլ ամբողջությամբ չընդունվեց): Վարչակարգի այդ մաշումը ծերացման նման աննկատ է, բայց դրսևորվում է աշխատունակության, դինամիզմի, նորացման պատրաստակամության անկումով, փոփոխություններից վախով: 2013-ի վերջին երևացին պետության կառավարման իմպոտենցիայի հայտանիշները, որ ուղեկցվում էին հակասությունների կուտակումով նախագահի ու կառավարության միջև (Մեդվեդևի հրաժարականի լուրերը լայնորեն քննարկվում էին):
Կառավարման այդ իմպոտենցիան կարող էր շատ երկար տևել՝ տանելով կամ վարչակարգի նորացման կամ կործանման: Կառավարման անիրավազորությունը դարձավ առաջին պատճառը ապագա կադրային փոփոխությունների: 2013-ին թվում էր, որ մինչև էական նորացում վարչակարգը կարող է իներցիայով երկար տարիներ գոյություն ունենալ՝ առանց նկատելի տատանումների: Կայունության պաշարը շատ համոզիչ էր թվում: Բայց 2014-ին եղավ Ռուսաստանի համար ծանրագույն ցնցում, որ աշխարհաքաղաքական ճգնաժամի հետևանք էր: ՈՒկրաինական նոր հեղափոխությունը, Ղրիմի անեքսիան, պատժամիջոցների առաջին ալիքը, խփված Boeing-777-ը և երկրորդ՝ շատ ավելի ցավոտ պատժամիջոցների ալիքը, նավթի համաշխարհային գների ծանր ու տևական անկումը, չափավոր մեկուսացումը և համաշխարհային ֆինանսական շուկաների մուտքի փակվելը՝ այս ամենը Ռուսաստանի համար իսկական աղետ էր: Դժվար է հիմա ասել՝ ի՞նչ կլիներ, եթե չլիներ Ղրիմը: Սակայն վստահորեն կարելի է հաստատել, որ 2014-ի իրադարձությունները մեծացրին կառավարման ճնշումը վարչակարգի վրա և պահանջեցին ավելի մեծ արդյունավետություն: Պետության և քաղաքական վարչակարգի աննախադեպ փորձությունը բարդանում էր նաև ռեսուրսների կրճատումով: Նավթի համաշխարհային գների վերականգնման և պատժամիջոցները հանելու հույսերը չարդարացան, իսկ արտաքին տնտեսական ու արտաքին աշխարհաքաղաքական վատ կոնյունկտուրան դարձավ նոր իրականության պերմանենտ գործոն:
Վլադիմիր Պուտինից պահանջվեց մեկուկես-երկու տարի՝ շրջվելու դեպի նոր իրականությունը, հաշտվելու Ռուսաստանի նոր վիճակի հետ և նշանակալից չափով փոխելու կադրային քաղաքականության անձնական սկզբունքները: 2014-2015-ին երկիրն անցավ նոր ռելսերի՝ «ռազմական», զինվորականները միանգամից դեֆակտո ներգրավվեցին երկու գործընթացներում՝ ՈՒկրաինայի արևելքում ու Սիրիայում: Դա պահանջում էր ոչ միայն ավելի շատ դինամիկա, այլև բոլոր ուժերի հավաքագրում, առավել համարժեք մեխանիզմների ու հարթակների որոնում՝ որոշումների քննարկման ու ընդունման համար: Կառավարության փոխարեն կառավարման առանցքային հարցերով սկսեց զբաղվել Անվտանգության դաշնային ծառայության Անվտանգության խորհուրդը: ԱԴԾ-ն նշանակալից ընդլայնեց իր դերը օրենսդիր գործընթացներում: Արմատապես մեծացավ պաշտպանութան նախարարության դերը, զինվորականները նույնիսկ ինչ-որ չափով սկսեցին դուրս մղել դիվանագետներին արտաքին քաղաքականության ասպարեզից: «Մեծ քաղաքականությունը» Պուտինի համար կոշտ կենտրոնացավ ՈՒկրաինայում ու Սիրիայում, որի հետևանքով վակուում ձևավորվեց ներքին քաղաքականության մեջ: Պետական կառավարումը առօրեականացավ, Պուտինն ավելի ու ավելի քիչ էր խառնվում վեճերին կամ կառավարման հարցերին էր ուշադրություն դարձնում: Աստիճանաբար 2014-ին ու 2015-ին ձևավորվեց կառավարման «միջուկ» և կառավարման «ճահիճ»: Առաջինն ամեն օր ու դինամիկ զբաղվում էր անվտանգության, արտաքին քաղաքականության հարցերով, երկրորդում կուտակվում էին խնդիրները: Այդ ամենը հանգեցրեց խոշորագույն կադրային շրջադարձի, որ սկսվեց 2016-ին ու վերաբերեց պետական ու քաղաքական կառավարման բոլոր մակարդակներին: 2016-2017-ի կադրային փոփոխությունները կարելի է բաժանել երեք խմբի՝ կոնֆլիկտային, կլանային ու տեխնոկրատ:
Տատյանա ՍՏԱՆՈՎԱՅԱ, Carnegie Moscow Center
(Հաջորդ մասը)
Հ.Գ. «Միջուկի» ու «ճահիճի» նույն պատկերը նաև Հայաստանում է, միայն մասշտաբներն են փոքր ու թիրախներն են տարբեր: ՈՒկրաինական իրադարձությունները փոխեցին ոչ միայն ռուս-ուկրաինական հարաբերությունները, այլև համաշխարհային քաղաքականության ընթացքը: Չբերեց նաև Հայաստանի բախտը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ